Արցախում ամոթալի ու խայտառակ իրադարձություններից հետո, ոչ մի հեղինակավոր մարմնի կողմից որևէ ուսումնասիրություն չի կատարվել, թե ինչու այսպիսի աղետի հանգեցինք: Հայոց Առեքելական Սուրբ Եկեղեցին էլ այդ առումով մնացածից չի տարբերվել ու որևէ գործով դեռևս աչքի չի ընկել, չի արտահայտել իր գնահատականները և որևէ վերլուծություն չի արել՝ մնալով որպես անտարբեր դիտորդ, կարծես այն ինչ կատարվել և կատարվում է իրեն չի վերաբերվում:
Եկեղեցու մեջ գտնվող և իրենց եկեղեցու անդամ ճանաչող շատ ու շատ մարդիկ վաղուց արտահայտվում են մեր ազգի, ժողովրդի կուտակած դարավոր մեղքերի ու դրանց պատճառով մեզ բաժին հասած պատուհասների մասին և հարցադրումներ են անում այդ մեղքերի բեռը թոթափելու համար անհրաժեշտ ապաշխարության խորհուրդ իրականացնելու անհրաժեշտության վերաբերյալ: Սուրբ Էջմիածնի տևական լռությունը, պասիվությունը հանգեցնում են մի շարք մտքերի, որոնց մասին ուզում ենք խորհել և բոլոր մտահոգ մարդկանց մտածելու առիթ տալ:
Ինչու՞ Մայր Աթոռը ՏԻՐՈՋ կողմից իրեն բաժին հասած ժողովրդին չի առաջնորդում ապաշխարության: Փորձենք բերել դրա հավանական պատճառներից մի քանիսը:
Ա. Էջմիածնի Մայր Աթոռում չեն հավատում Սուրբ Հարությանը
ՀԻՍՈՒՍԸ նրանց երևաց և հանդիմանեց նրանց իրենց անհավատության և խստասրտության համար, որովհետև չէին հավատացել նրանց, որոնց ԻՆՔԸ երևացել էր՝ մեռելներից հարություն առած (Մարկոս 16:14):
Եթե քո բերանով ՀԻՍՈՒՍԻՆ ՏԷՐ խոստովանես և քո սրտում հավատաս, թե ԱՍՏՎԱԾ ՆՐԱՆ հարություն տվեց մեռելներից, կփրկվես, քանի որ արդարանալու համար սրտով եք հավատում և փրկության համար խոստովանում բերանով (Մարկոս 16:15):
Բայց առանց հավատի անհնար է հաճելի լինել ԱՍՏԾՈՒՆ, քանի որ նա, ով մոտենում է ԱՍՏԾՈՒՆ, պետք է հավատա, որ ԱՍՏՎԱԾ կա և վարձահատույց է լինում նրանցից, ովքեր փնտրում են ԻՐԵՆ (Եբրայեցիներին 11:6):
Երկար դարեր մշտապես գտնվելով արտաքին ու ներքին հարվածների թիրախում կորցրել ենք տոկուն հավատը, վերացել է եկեղեցու թոքերը հանդիսացող, հավատը միշտ կենդանի ու շնչող վիճակում պահող, հարատև աղոթական վիճակում գտնվող իրական վանականությունը: Դարեդար մեղքերի կուտակումների արդյունքում տկարացել է մեր հավաքական հավատը, ՏԻՐՈՋ հոտը մասնատվել և պառակտվել է: Հայաստանի խորհրդայնացումով առավել ընդգծված է դարձել մեր անաստվածական դիրքորոշումը, ինչն անդրադարձել է նաև հոգևոր դասի վրա, երբ հոգևորականներ էին դառնում կուսակցության, կոմերիտմիության, ՊԱԿ-ի ուղեգրերով, այստեղից էլ բխող համապատախան «հոգևոր» գործունեությամբ: Եվ այս սերնդի հոգևորականությունը դեռ գոյություն ունի ու շատերը դեռևս չեն ազատվել իրենց նախկին կախվածություններից և, եթե չեն հավատում ՏԻՐՈՋ Հարությանն ու Ամենազոր Աստծուն, ուրեմն Ֆ. Դոստոևսկու ասածի պես ամեն ինչ կարելի է՝ կուսակրոնի երդում տալ ու ամուսնանալ, ուխտ անել՝ ուխտազանց դառնալ, ցոփության տրվել և այլն։ Այս բոլոր երևույթներից ազատվելու ճանապարհն ու դեղը ապաշխարությունն է:
Բ. Իրենց հույսը չեն կապում Ամենասուրբ Երրորդության Զորության հետ
Եթե միայն այս կյանքի համար ենք հույս դրել ի ՔՐԻՍՏՈՍ, ողորմելի ենք, քան բոլոր մարդիկ (1 Կորնթացիներին 15:19):
Եթե մեռելները հարություն չեն առնում, ուրեմն ուտենք ու խմենք, որովհետև վաղը մեռնելու ենք (Եսայի 22:13) (1 Կորնթացիներին 15:32):
Բայց ԱՍՏԾՈՒ հաստատած հիմքը կանգուն է և այս կնիքն ունի, թե՝ «ՏԷՐԸ ճանաչում է նրանց, որոնք ԻՐԵՆՆ են», նաև՝ «Անիրավությունից թող հետ կանգնի ամեն ոք, ով ՔՐԻՍՏՈՍԻ Անունն է կանչում» (2 Տիմոթեոս 2:17):
Հայտնի ու անհայտ եպիսկոպոսները, հոգևորականները այսօր հաճախ հանդես են գալիս քաղաքական վերլուծություններով, մեկնաբանություններով, փոխանակ, նախ և առաջ փորձեին ժողովրդին բացատրել, թե որն է ազգի փրկության միակ ճշմարիտ ճանապարհը և ինչպես պետք է եկեղեցին մաքրելով ու զորացնելով, ՏԻՐՈՋ գործերը կատարելով ազգին առաջնորդել փրկության ճանապարհով, ժողովրդին դուրս բերել այս փակուղային վիճակից:
Անիրավ տնտեսները որքան էլ վատնեն ՏԻՐՈՋ ունեցվածքը, ի վերջո պատասխան են տալու ՆՐԱ առջև անկախ այն բանից, իրենք դրան հավատում են թե ոչ:
Որովհետև շատերն ընթանում են որպես թշնամիներ ՔՐԻՍՏՈՍԻ Խաչի, նրանց վախճանը կորուստ է, նրանց աստվածը իրենց որովայնն է և փառքը՝ իրենց ամոթը: Նրանք միայն երկրավոր բաներ են խորհում (Փիլիպեցիներ 3:18-19):
Մի՞թե հավատի տկարության մասին չի խոսում այն փաստը, երբ համավարակի պատրվակով Առաքելական մեր բոլոր եկեղեցիներում պատարագներ էին կատարվում արևածագին՝ փակ դռների հետևում: Ինչպես չհիշենք 2021թ. Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կատարվող Սուրբ Հարության պատարագի ընթացքում կաթողիկոսի արտահայտած այն խոսքերը, թե ցավով պետք է արձանագրել, որ այսօր ստիպված ենք խոստովանել, որ պատարագ ենք մատուցում առանց հավատացյալների՝ հաշվի չառնելով այդ պահին ներսում ներկա գտնվող հոգևոր դասի բոլոր ներկայացուցիչներին, դե հավանաբար նրանք հավատացյալների դասին չեն պատկանում:
Նույն տկարության վառ ապացույցն է նաև այն, որ Արցախի երկարատև շրջափակման ու հայաթափման ժամանակ այդպես էլ որևէ ծանրակշիռ հոգևոր ճիգ ու ջանք չձեռնարկվեց ՏԻՐՈՋ շուրջ մեր ժողովրդին համախմբելու, դարձի գալու և մեր հավատը ճշմարիտ հունի մեջ դնելու համար:
Գ. Ամաչում են իրենց գործած մեղքերի համար:
Քանզի ամոթ կա, որ դեպի մեղք է տանում, ամոթ էլ կա, որ փառք է և շնորհ: Մի՛ եղիր աչառու հակառակ քո անձի և մի՛ ամաչիր ի վնաս քեզ (Սիրաք 4:24-25):
Իրենք շատ լավ էլ գիտեն իրենց մեղքերը, որոնց մասին խոսում են բոլորը և ողջ ժողովուրդն է տեղյակ: Ինչպես ժողովրդական առածն է ասում՝ ուղտը նստած կուզեկուզ են գնում: Սակայն իրենց ներսում ծվարած ամոթը թույլ չի տալիս հրաժարվել այդ մեղքերից:
Վա՜յ ձեզ կեղծավորներիդ՝ օրենսգետներիդ՝ և փարիսեցիներիդ, որ երկնքի արքայությունը փակում եք մարդկանց առաջ, դուք չեք մտնում և մտնողներին էլ թույլ չեք տալիս, որ մտնեն (Մատթեոս 23:13):
Ենթագիտակցաբար իրենք էլ գիտեն, որ ստով, կաշառքով, զոռբայությամբ, արյունով ընտրված ու աթոռներ զավթած մարդիկ հավանաբար նույն կերպ էլ հեռանալու են, եթե ապաշխարության արժանի գործեր չկատարեն ամաչելու պատճառով՝ ՏԻՐՈՋ առջև չեն արդարանա: Հաճախ ականատես ենք, թե ինչպես հոգևորականի զգեստներ, փարաջաներ հագնողներից շատերը ամաչում են մարդկանց մեջ երևալ այդ զգեստներով՝ խուսափելով ՏԻՐՈՋԸ վկայելու մի լրացուցիչ ու փոքր հնարավորությունից, չէ որ ՏԷՐՆ է դրա մասին պատվիրել։
Ով որ ԻՆՁ կխոստովանի մարդկանց առաջ, ԵՍ էլ կխոստովանեմ նրան ԻՄ ՀՈՐ առաջ, որ երկնքում է: Եւ ով ԻՆՁ կուրանա մարդկանց առաջ, ԵՍ էլ նրան կուրանամ ԻՄ ՀՈՐ առաջ, որ երկնքում է (Մատթեոս 10:32-33):
ՈՒստի ամոթ մի՛ համարիր վկայել մեր ՏԻՐՈՋԸ, ոչ էլ ինձ՝ ՆՐԱ կապյալին, այլ մասնակից եղի՛ր Ավետարանի համար եղած չարչարանքներին, զորությամբ ԱՍՏԾՈՒ (Բ Տիմոթեոս 1:8):
Դ. Հպարտությունը թույլ չի տալիս
Քանի որ ասում ես.«Հպարտ եմ և առավել հարստացա ու ոչ մի բանի կարոտ չեմ». Բայց չգիտես, թե ողորմելի ես դու, թշվառ և աղքատ, մերկ և կույր (Հայտնություն 3:17):
Եվ հպարտությունն արգելք է հանդիսանում զղջալու, մեղքերից հրաժարվելու, այն էլ ու՞մ առջև, մի՞թե այս ընկած ու հասարակ ժողովրդի: Դե,՛ իսկ ՏԷՐՆ էլ, լսել են ու գիտեն, որ մարդասեր է ու գթառատ, ճար չունի, ի վերջո, կների: Մի՞թե իրենք, որոնց առջև տարիներ շարունակ խոնարհվել են, ենթարկվել, մեծարել ու փառաբանել, հանկարծ պետք է նույն այդ քծնող հպատակների առջև ընդունեն իրենց մեղքերը, զղջան և նույնիսկ ստիպված լինեն հրաժարվել ոչ միայն այդ մեղքերից, այլ նաև դրանց միջոցով ձեռք բերված ամենայն բարիքներից, դիրքից ու պատվից: Իսկ որտեղի՞ց այդքան վեհանձնություն, ինքնազոհություն, սա հավասարազոր է կամավոր խաչ բարձրանալուն, դա էլ ՏԻՐՈՋ ճանապարհն է:
Ե. Կարծում են թե կարող են միաժամանակ երկու տիրոջ ծառա լինել
Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել. Կա՛մ մեկին կատի և մյուսին կսիրի, կամ մեկին կմեծարի և մյուսին կարհամարհի. Չեք կարող ծառայել ԱՍՏԾՈՒՆ և՝ մամոնային (Մատթեոսի 6:25):
Գայթակղեցուցիչ տարբերակ է միաժամանակ երկու տիրոջ ծառ լինելը, երբ հավակնում են երկու տերերից էլ ակնկալվող բարիքներից օգտվել, կարծելով, թե այդ տերերը այնքան միամիտ կլինեն և իրենք էլ այնքան խորամանկ ու ճարպիկ, որ ոչ ոք տեղյակ չի լինի իրենց այդ կարգավիճակի մասին: Իրենք էլ հաջողությամբ կշարունակեն ներկայանալ ցերեկները քահանա, գիշերները՝ սատանա և միաժամանակ երկու տեղում էլ իրենց ապահով կզգան: Իսկ իրականում ՏԷՐԸ մեզ կոչ է անում ոչ թե խոնարհվել, պաշտել ու ծառայել մամոնային այլ դրա միջոցով բարի գործեր կատարել՝ փրկության համար:
Եւ ԵՍ ձեզ ասում եմ. անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամներ արեք, որպեսզի, երբ այն պակասի, հավիտենական հարկերի տակ ընդունեն ձեզ (Ղուկասի 16:9):
Կան և ոմանք, ովքեր հոգևոր պաշտոնում իրենց ծառայությունը առավել չափով օգտագործում են այս աշխարհում ու կյանքում ընդգծված բարեկեցիկ կյանք ապահովելու համար և նույնիսկ չեն էլ թաքցնում դա ու նմանվում են այն օրենսգետներին ու փարիսեցիներին որոնց մասին էլ արտահայտվել է ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԸ.
Եւ իրենց բոլոր գործերն անում են՝ ի ցույց մարդկանց լայնացնում են իրենց գրապանակները և երկարացնում են իրենց զգեստների ծոպերը (Մատթեոս 23:5):
Իրոք աստվածպաշտությունը շահի մեծ աղբյուր է նրանց համար, ովքեր գոհ են իրենց վիճակից, որովհետև ոչինչ չբերեցինք աշխարհ, ոչ էլ պիտի կարողանանք տանել (Ա Տիմոթեոս 6:7-8):
Զ. Որոշակիորեն հավատում են աղոթքի զորությանը
Դարձյալ ձեզ եմ ասում. եթե ձեզնից երկուսը միաբանվեն երկրի վրա որևէ խնդրանքի համար, ինչ էլ որ խնդրեն, կտրվի նրանց ԻՄ ՀՈՐ կողմից, որ երկնքում է, որովհետև ուր երկու կամ երեք հոգի հավաքված լինեն ԻՄ Անունով, այնտեղ եմ ԵՍ, նրանց մեջ (Մատթեոս 18:20):
Հոգու խորքում հավատում են աղոթքի զորությանը և վախ ունեն, բա որ հանկարծ, աղոթքն իրոք գործուն ազդեցություն ունենա ու ՏԷՐԸ լսելով բազում հավատացյալների միասնական աղոթքը, փոփոխություններ կատարի մեր կյանքում՝ նրանց թափ կտա հին ձորձի պես և դեն կքշի ԻՐ եկեղեցուց, զբաղեցրած դիրքերից ու պաշտոններից ու նրանք կզրկվեն այս կյանքի նյութական բարիքներից ու կոմֆորտից: Ինչպե՞ս կարելի է դա թույլ տալ, ամեն գնով պետք է խափանել այդպիսի աղոթքները և դրանց հաջորդող ապաշխարությունը: Չենք կարողանում հավուր պատշաճի միասնական համազգային աղոթք կայացնել, թեկուզ առանց ապաշխարության աղոթքը զորավոր չէ, որովհետև առաջնայինը ՏԻՐՈՋ առջև մեր մեղքերից մաքրվելն է։ Հիշենք, որ մեզ վրա դարեր առաջ անեծքի խոսքեր է ասել Դանիել քորեպիսկոպոսը և դրա կապանքներից ազատվելու միակ հնարավորությունը տալիս է ազգովի ապաշխարությունը, որի լավագույն օրինակները տրված են Աստվածաշունչ Մատյանում: Կան նման իրավիճակների բամաթիվ նկարագրություններ՝ նինվեացիների ապաշխարությունը (Հովնանի գիրք), հրեաների զղջումն ու ազգովի դարձը՝ գերությունից վերադառնալուց հետո (Նէեմի գրքի 9-րդ գլուխ), հրեա ազգի միասնական աղոթքը և Անտիոքոս կայսրի թշնամական դիրքորոշման արմատական փոփոխությունը այդ աղոթքի արդյունքում (Գ Մակաբայեցիներ), հրեաները երեք օր ծոմ են պահում և աղոթք անում՝ Պարսից Արտաշես արքայի կործանարար որոշումը փոխելու խնդրանքով (Եսթեր 4):
Է. Կախվածություն այլ ուժերից
Եւ մի՛ վախեցեք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող, այլ դուք առավել վախեցե՛ք, ՆՐԱՆԻՑ ՈՎ կարող է գեհենի մեջ կորստյան մատնել հոգին և մարմինը (Մատթեոս 10:28):
Շատ հնարավոր է նաև այս տաբերակի առկայությունը, երբ դրսից հեղինակավոր, հին ու նոր կառավարիչների, որոնց ոտքերի տակ իրենց կախվածության ու ծախվածության բազմաթիվ կապանքներ ունեն թողած, հրահանգներն ու ուղղորդումները կաշկանդում են, և գերության մեջ լինելով վարվում են ստացված թելադրանքների համապատասխան:
Ռուս մեծ գրող Ա. Չեխովն ասել է. «Մարդն այն է, ինչին որ հավատում է» և դժվար է սրա հետ չհամաձայնվել: Մեր հոգևոր ու ոչ հոգևոր առաջնորդները, ում որ հպատակվել են, ում որ հավատում են, նրանց գործերն են կատարում ու նրանց էլ նմանվում են: Իսկ օտար տերերն ու հրահանգիչները հաստատ մեր եկեղեցու զորացմանը և առ ԱՍՏՎԱԾ մեր հավատի ամրապնդմանը չեն տենչում:
Ինչով բացատրել ու հիմնավորել համավարակի ընթացքում դրսից եկած հրահանգով մեր եկեղեցիների փակելը, երբ ասենք մեր հարևան վրացիները մերժեցին կամ մի՞թե հարցեր չեն ծագում, թե ինչու՞ է այսպես ձգձգվում Էջմիածնի Մայր Տաճարի վերաբացման գործը, ինչպե՞ս բացատրել ու հասկանալ բազմաթիվ նվիրյալ, հավատով հոգևորականների աքսորվելն ու կարգալուծությունները, ինչու՞ մեզ համար շատ կարևոր Մեռոնօրհնեքի արարողությունը անորոշ ժամանակով հետաձգվեց, ինչու՞ մեր եպիսկոպոսները մեզ հասած պատուհասներին տալիս են ավելի շատ քաղաքական գնահատականներ, քան թե փորձ են անում այդ ամենը գնահատել հոգևոր տեսանկյունից և իրավիճակի շտկման որևէ աստվածահաճո գործ կատարեին:
Նույնպես և դուք, դրսից մարդկանց արդար եք երևում, մինչ ներսից լի եք կեղծավորությամբ և անօրենությամբ (Մատթեոս 23:27):
Արցախի բոլոր սրբությունները թողնված են թշնամիների անարգանքին։ ՈՒ՞ր են սովորեցնող, ուղղորդող ու բժշկող հոգևոր ուսուցիչները, զինվորներին հերոսության մղող հոգևոր հզոր առանցք ունեցող զորավարները։ Նահատակության հոգին վերացել է մեր միջից և դրա համար էլ դարձել ենք չարի և նրա կամակատարների առջև խոնարհվող ու վախկոտ փախչողներ, հպարտ, դուխով ու անձնվիրաբար գերի հանձնվողներ:
Ինչու՞ չենք ուզում տեսնել մեզանից յուրաքանչյուրի մեջ, բոլորիս մեջ, երկրի, ժողովրդի, եկեղեցու մեջ կուտակված մեր ախտերը, ապականություններն ու մեղքերը, որ հետո էլ փորձենք դրանից ազատվելու ջանքեր գործադրել։ Չէ՞ որ յուրաքանչյուրս՝ ի սկզբանե ՏԻՐՈՋ հորինած տաղավարն է, տաճարն ու եկեղեցին և մենք ենք, որ այդ տաճարների գահերին բազմեցնում ենք դևերին ու դրանց հպատակներին, հետո էլ ծառայում դրանց` արծաթսիրությամբ ու մարդահաճությամբ, կեղծավոր խոնարհությամբ, տգետ «մի՛ դատիր»-ությամբ, սուտ օծությունապաշտությամբ, անվերապահ մյուս այտը դեմանելությամբ և այսպիսով կարմիր գծեր ենք ստեղծում մեր ու ՏԻՐՈՋ միջև։
Իսկ չար և խաբեբա մարդիկ չարից այն կողմ էլ պիտի գնան, իրենք մոլորված՝ պիտի մոլորեցնեն ուրիշներին (Բ Տիմոթեոս 3:13):
Եթե մեզ թույլ ենք տալիս դավաճան կոչել որոշ աշխարհիկ գործիչների՝ հայրենիքի ու ժողովրդի հանդեպ իրենց դավադիր գործունեության համար, ապա մի՞թե նույն կոչմանը չի արժանանա նա, ով լինելով հոգևոր հովիվ ուրացել է ՏԻՐՈՋԸ, ՆՐԱ հոտին, ուխտին, հավատին և իր բոլոր գործերով ծառայում է սատանային, նրա ուժերին, իսկ այդ ամենն էլ ի հայտ են գալիս գործերից: Նույն կարգավիճակով են նաև բոլոր նրանք ովքեր ստին ճիշտ են հռչակում, սևին սպիտակ են անվանում, փորձում են չնկատելու տալ հոգևոր ղեկավարների արատները` նրանց ու իրենց քողարկելով, ծածկելով օծությամբ, «մի՛ դատիր» արտահայտությամբ և հնազանդության մասին խոսքերով: Ահա թե ինչպես է ՀԻՍՈՒՍԸ հանդիմանում ԻՐԵՆ ապտակողին. «Եթե վատ խոսեցի, վկայի՛ր վատի մասին, իսկ եթե լավ՝ ԻՆՁ ինչու՞ ես խփում» (Հովհաննես 18:23): Պողոս առաքյալն էլ իր տեղում սաստում է Անանիա քահանայապետին, երբ վերջինս ապօրինի հրաման է տալիս իր կամակատարներին՝ խփելու Պողոսի բերանին. «ԱՍՏՎԱԾ է քեզ խփելու, սպիտակեցրա՛ծ պատ. և դու նստում ես, որ օրենքի համաձայն ինձ դատես, մինչդեռ հրամայում ես, որ օրենքից դուրս ինձ հարվածեն» (Գործք 23:3):
Հեզությունն ու խոնարհությունը պետք չէ շփոթել հնազանդ ու խոնարհ եզության հետ, չի ասվել լինել հնազանդ ու հեզ, ինչպես խոնարհ եզ, այլ ասվում է. «Ամեն բան քննեք, բարին ամու՛ր պահեք» (Ա Թեսաղոնիկեցիներ 5:21) ։
Եթե մեր հոգևոր տաճարները պղծված ու անարգված են, այլևս ի՞նչ պետք է ակնկալել մարմնավոր, ֆիզիկական տաճարներից՝ պետությունից, ժողովրդից ու նրա բանակից:
Եթե բժիշկները չեն կարողանում կամ չեն ուզում ճիշտ ախտորոշում տալ հիվանդությունների ծագման մասին, որից հետո միայն հնարավոր կլինի արդյունավետ բժշկում անել, ապա ի՞նչ հույս կարելի է ունենալ հիվանդի՝ մեր ժողովրդի ապաքինման համար:
Եթե ուսուցիչները ողջ ուսումնական տարվա ընթացքում ոչինչ չտան, չսովորեցնեն ու չպահանջեն աշակերտներից, ապա ի՞նչ բարոյական իրավունք կունենան տարեվերջում նրանցից գիտելիքներ պահանջել ու քննություն ընդունել և դեռ բողոքել, թե գործ ունեն անգրագետ ու տհաս սերնդի հետ:
Թողե՛ք նրանց. նրանք կույր են, կույրերի առաջնորդներ: Երբ կույրն է առաջնորդում կույրին, երկուսն էլ փոսը կընկնեն (Մատթեոս 15:14):
Մի՞թե մեր սխալների ու մեղքերի հետևանքով թույլ ենք տալու հերթական եղեռնի իրականացումը մեր հանդեպ և դրանից հետո էլ տրվելու ենք թշնամիների ու դավաճանների նկատմամբ նեմեսիսներ կատարելուն, երբ դա, ըստ էության, այլևս ոչինչ չի որոշելու։
Աշխարհում և մեր շուրջը տեղի ունեցող ներկայիս իրադարձությունները, բոլոր նշանները հուշում են, որ մենք գտնվում ենք Հայտնության գրքում նկարագրված Լաոդիկեի եկեղեցու ժամանկաշրջանում, որը մեզ պետք է սթափեցներ և փրկության համար մղեր ակտիվ գործունեության:
Գիտեմ քո գործերը, դու ո՛չ սառն ես և ո՛չ տաք. երանի դու սառն լինեիր և կամ տաք. իսկ դու գաղջ ես՝ ո՛չ տաք, ո՛չ էլ սառն. Հիմա պիտի փսխեմ քեզ ԻՄ Բերանից, քանի որ ասում ես. «Հպարտ եմ և առավել հարստացա ու ոչ մի բանի կարոտ չեմ». բայց չգիտես, թե ողորմելի ես դու, թշվառ և աղքատ, մերկ և կույր (Հայտնություն 3:17 ):
Սուրբ Գիրքը մեզ միշտ սովորեցնում է, որ հենց միայն ապաշխարությամբ է հնարավոր ձերբազատվել բոլոր կապանքներից ու կախվածություններից, սակայն բանը հասել է այնտեղ, որ աղոթքի ու ապաշխարության խոսք ասողներին հայտարարում են, թե կասկածելի է, արդյոք ու՞մ կողմից են առաջնորդվում այդպիսի կոչեր անողները, միգուցե չարի կողմի՞ց են առաջնորդվում: Մի՞թե չարն ինքն իր տերության, իշխանության առաջին քանդողը կդառնա, որ այդպիսի բաներ անի։
Օրվա խնդիր է դարձել, որ վերջապես ազգովի դիմենք ՏԻՐՈՋԸ աղաղակելով, որ ՆԱ ազատի ս. Լուսավորչի ու ս. Տրդատի գահերին բազմած անիրավ տնտեսներից, անօրեն դատավորներից և անիրավ ժառանգներից, որ ապաշխարության հոգի դնի ամեն մեկիս հոգում, սրտում, մարմիններում, որ ազգովի ապաշխարենք ու ազգովի էլ դարձի գանք դեպի մեր ՏԷՐՆ ու ՓՐԿԻՉ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԸ, որ նորից ԻՐ ժողովուրդը կոչվենք ու մեր երկիրն էլ քրիստոնյա երկիր ճանաչվի։ Ինչի՞ է պետք այնպիսի հայրենիքը, որտեղ ՏԷՐԸ չի բնակվում և մարդկանց սրտերում չի ապրում:
Ինչպես ՏԷՐՆ է ասում. «Մի՛ վախեցիր, այլ միայն հավատա՛» (Մարկոս 5:36): Հավատալ ՆՐԱՆ, գործել ՆՐԱՆՈՎ ու միայն հանուն ՆՐԱ: Որովհետև մեր պատերազմը մարմնի դեմ չէ այլ այս խավար աշխարհի տիրակալի ու նրա կամակատարների դեմ։ Եվ չարխափան այս տողերը թող ուղեկից լինեն մեզ:
Թող հառնի ԱՍՏՎԱԾ, ՆՐԱ բոլոր թշնամիները թող ցրվեն ու ՆՐԱՆ ատողները փախչեն ԻՐ առջևից (Սաղմոս 67:2):
Եվ արդար է ԱՍՏԾՈ առաջ, որ ձեզ նեղողներին նեղություն հատուցվի, իսկ ձեզ՝ նեղություն կրածներիդ՝ հանգիստ մեզ հետ, երբ ՏԷՐ ՀԻՍՈՒՍ հայտնվի երկնքից ԻՐ հրեշտակների զորքով՝ կրակի բոցով վրեժ լուծելու համար նրանցից, որոնք չեն ճանաչում ԱՍՏԾՈՒՆ և չեն հնազանդվում մեր ՏԷՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ Ավետարանին (Բ Թեսաղոնիկեցիներին 1:6-8):
Երբ փարիսեցիների օրենսգետների քահանայապետերի դավերով բռնեցին մեր ՏԻՐՈՋՆ ու տանջանքներից հետո տանում էին խաչելու, միթե միայն նրա՞նք էին մեղավոր, չէ՞ որ դա տեղի էր ունենում հասարակ մարդկանց, ժողովրդի ներկայությամբ, նրանցից շատերի ոչ միայն ակտիվ մասնակցությամբ այլ նաև լռության, հանդուրժողության, համաձայնության և անտարբերության պայմաններում։ Այսօր էլ նմանատիպ իրավիճակ է մեր եկեղեցում, որում հաստատված մթնոլորտի համար պատասխանատու ենք բոլորս, յուրաքանչյուրն իր տեղում, շատ թե քիչ կուտակած մեր մեղքերի համար։
Ինչու՞ պետք է մեր եկեղեցում տիրի Մայր Աթոռի հանդեպ վախի ու դրանից բխող ածանցյալների մթնոլորտ, այլ ոչ թե փոխադարձ սիրո ու վստահության, ինչու՞ շատերը հոգու կանչով, ՏԻՐՈՋ հանդեպ վախ ունենալով ընտրում են հոգևորականի ուղին և օծվելուց հետո սկսում են ավելի շատ վախենալ կաթողիկոսից, քան ԱՍՏԾՈՒՑ: Ի վերջո, ՏԻՐՈՋ առջև անխտիր պատասխան ենք տալու բոլորս, անկախ նրանից հավատացել ենք, թե ոչ կամ էլ, թե ինչի ենք հավատացել։ Հիմա է, որ պետք է իրական հավատի գործեր՝ աղոթք, դարձ, ապաշխարություն կատարել ՏԻՐՈՋ եկեղեցու զորացման համար և ծառացած խնդիրները լուծելու նախանձախնդրություն ու պատրաստակամություն դրսևորել:
Այդպես էլ հավատը. եթե գործեր չունենա, ինքնին մեռած է։ Բայց թերևս մեկն ասի. «Դու հավատ ունես, իսկ ես՝ գործեր. ցո՛ւյց տուր ինձ քո հավատն առանց գործերի, և ես քեզ ցույց կտամ իմ հավատը գործերով»։ Դու հավատում ես, որ մեկ է ԱՍՏՎԱԾ. լավ ես անում։ Դևերն էլ են հավատում և դողում։ Ո՛վ փուչ մարդ, ուզու՞մ ես իմանալ. հավատը դատարկ բան է առանց գործերի (Հակոբոս 2:17-20):
Եկեղեցին դա միայն հոգևոր դասը չէ, մենք բոլորս ենք պատասխան տալու, թե ինչու ՏԻՐՈՋ Իջման վայրում կառուցած տաճարը մեր հավատի տկարության պատճառով թողեցինք, որ զատվի ԻՐԵՆԻՑ։ Դեռ սուրբ Աբգարն էր առաջինը, որ ՀԻՍՈՒՍԻՆ հրավիրում էր մեր երկիր, իսկ մերօրյա հոգևոր և աշխարհիկ առաջնորդներն ու նրանց կամակատարները խոսքերը կարծես մեկ արած, անում են ամեն ինչ ԱՍՏԾՈՒՆ մեր երկրից հեռացնելու համար։ Մեր մասին չե՞ն արդյոք այս տողերը` «Իսկ ԱՍՏՎԱԾ արդարություն չի՞ անի ԻՐ այն ծառաներին, որոնք գիշեր և ցերեկ աղաղակում են. և նրանց հանդէպ միայն համբերատա՞ր կլինի։ Այո՛, ասում եմ ձեզ, նրանց իսկույն արդարություն կանի. իսկ երբ Մարդու ՈՐԴԻՆ գա, արդյոք երկրի վրա հավատ կգտնի՞» (Ղուկաս 18:7-8):
Ազգի անկումն սկսվում է տաճարից, անցնում ընտանիքներին ապա պետությանը: Վերականգնումն էլ նույն հերթականությամբ պետք է լինի` նախ տաճարը ապա ընտանիքներն ու հետո պետությունը։ Արդյոք այն հովիվը, որն իր հոտին բժշկելու անելիք ու ասելիք չունի, աժանի՞ է կրելու իր հովվական ցուպը։ Միայն միասնական ու համընդհանուր ապաշխարությամբ կփրկվի Հայկի երկիր Հայաստանը։ Ի վերջո, միայն Լաոդիկեի եկեղեցու անդամներին է ՏԷՐԸ խոստացել ու ասել հետևյալ խոսքերը. «ՈՒմ սիրում եմ ԵՍ, նրան հանդիմանում եմ և խրատում: Նախանձախնդիր եղիր ուրեմն և ապաշխարի՛ր: Ահավասիկ ԵՍ դռան առաջ եմ և բախում եմ, եթե մեկն ականջ դնի ԻՄ Ձայնին և բացի դուռը, կմտնեմ նրա մոտ և կընթրեմ նրա հետ: Ով հաղթի, նրան թույլ կտամ նստելու ԻՆՁ հետ ԻՄ Աթոռին, ինչպես որ ԵՍ հաղթեցի և նստեցի ԻՄ ՀՈՐ Աթոռին» (Հայտնություն 3:20-21):
Աշոտ ՀՈՒՆԱՆՅԱՆ